Հետ
09.08.2026 22:20

Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Փյունիկը» ու «Նոան» 3 միավոր վաստակեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը։ Առաջին խաղակեսում երևանյան ակումբից աչքի ընկան Իասոնաս Պիկիսն ու Կառլեն Հովհաննիսյանը։

2-րդ կեսում երևանյան ակումբի վերջնական հաղթանակն ապահովեց Գևորգ Տառախչյանը։ 24-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում 2-րդ անընդմեջ մրցավեճում։

Այս խաղից հետո Արտակ Օսեյանի գլխավորած թիմը 4 միավորով 4-րդն է։ «Վանը» առանց հաղթանակի վերջին տեղում է։

Դժվարին պայքարում 3 միավոր վաստակեց «Նոան»։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4։3 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ։ Դուբլ գրանցեց Հելդեր Ֆերեյրան։ Մեկական անգամ աչքի ընկան Մարին Յակոլիշն ու Գոռ Մանվելյանը։ 

Գյումրին ներկայացնող ակումբից դիպուկ էին Գրիգոր Ղումաշյանն ու Սերգեյ Մանուկյանը, իսկ Սերգեյ Մուրադյանը գրավեց սեփական դարպասը։ 

«Նոան» 6 միավորով առաջինն է։ Նույնքան միավոր ունեն նաև «Սարդարապատը» ու «Արարատ-Արմենիան»։  «Շիրակը» 1 միավորով կիսում է 7-րդ տեղը ԲԿՄԱ-ի և «Ուրարտուի» հետ։

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Փյունիկ» - «Վան»՝ 3։0
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլերը՝ Իասոնաս Պիկիս 13, Կառլեն Հովհաննիսյան 40, Գևորգ Տարախչյան 70
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Պրեմիեր լիգա, Տուր 2
«Շիրակ» - «Նոա»՝ 3։4
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Հելդեր Ֆերեյրա 30, 90+7, Գրիգոր Ղումաշյան 44, Մարին Յակոլիշ 50, Գոռ Մանվելյան 57, Սերգեյ Մանուկյան 61, Սերգեյ Մուրադյան 76 (ԻԳ)
Խաղի արձանագրությունը