Հայտնի են դարձել IDBank Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույնները տարբեր անվանակարգերում։
Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Տենտոն Յեննեն.
«Ոչ միայն ինձ, այլև թիմակիցներիս համար շատ հաճելի էր, որ հենց ես դարձա առաջնության լավագույն ֆուտբոլիստը։ Դրան նպաստել են տարբեր հանգամանքներ՝ Երևանը, այս քաղաքի մարդիկ, Հայաստանն առհասարակ։ Հավատացե՛ք, ես զգում եմ, թե այստեղ ֆուտբոլասեր մարդիկ ինչպես են վերաբերվում ինձ։ Մարդկանց սերը ոգևորում է՝ անելու առավելագույնը։ Շնորհակալություն ID Bank-ին, որ տեսավ այդ աշխատանքն ու գնահատեց՝ արժանացնելով ինձ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին»,- նշեց Տենտոն Յեննեն։
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը.
«Շատ դժվար առաջնություն էր, քանի որ մրցակցությունը մեծ էր։ Մինչև վերջին խաղը դժվար պայքար ստացվեց։ Կարևոր է, որ թիմային աշխատանքի շնորհիվ հասանք հաջողության։ Հիմա սպասելիքները մեզնից շատ են։ Պետք է արժանի լինենք տիտղոսին, քանի որ առջևում Չեմպիոնների Լիգայում պայքարն է։»
Դառնալով 23 գոլի հեղինակ՝ առաջնության գլխավոր ռմբարկու է ճանաչվել Արթուր Միրանյանը:
«Շատ ուրախ և հպարտ եմ, որ հայ ֆուտբոլիստը դարձավ առաջնության գլխավոր ռմբարկու։ Մի քանի մրցաշրջան է՝ այդպիսի բան չէր եղել։ Պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս։ Առանց նրանց այս ամենը հնարավոր չէր լինի։ Շատ հաճելի է, որ այս գոլերի շնորհիվ կարողացա վերադառնալ ազգային հավաքական։ Դա պետք է լինի յուրաքանչյուր ֆուտբոլիստի գլխավոր նպատակը»,- նշել է Միրանյանը։
2023-24 մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլի հեղինակի մրցանակին արժանացել է «Փյունիկից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Հովհաննես Հարությունյանը, որը 17-րդ տուրի «Փյունիկ» - «Նոա» խաղում մրցակցի դարպասը գրավել էր դաշտի կենտրոնից կատարած հարվածով։
«Անձնական տիտղոսը ուրախացնում է, դա միշտ էլ հաճելի է, սակայն դա ամենակարևորը չէ, քանի որ այն պետք է օգնի թիմին հասնել հաջողության։ Նման գոլերի ժամանակ ամենակարևորը երկրպագուների ներկայությունն է, քանի որ գոլերը նրանց համար է»,- մրցաշրջանի լավագույն գոլի մրցանակին արժանանալուց հետո նշել է Հովհաննես Հարությունյանը։
Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են նաև ID Bank Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանի խաղային վերջին՝ մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկից» և ամսվա գոլի հեղինակ, «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը։