Մայիսի 25-ին կայացան IDBank Պրեմիեր Լիգայի վերջին՝ 36-րդ մրցափուլի «Շիրակ» - «Փյունիկ», «Նոա» - «Վեստ Արմենիա» հանդիպումները, որոնց արդյունքում պարզ դարձավ IDBank Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոնի անունը:
«Փյունիկը» Գյումրիում նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին»: Հանդիպման միակ գնդակը 54-րդ րոպեին խփեց թիմի ավագ Արտակ Դաշյանը:
«Նոա»-«Վեստ Արմենիա» հանդիման առաջին խաղակեսն անցավ լարված պայքարում: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին «Վեստ Արմենիայից» բացեց Հաջի Դրամեն: 30-րդ րոպեին Արթուր Միրանյանը հավասարեցրեց հաշիվը, և թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում: 2-րդ խաղակեսում «Նոան» ևս 2 անգամ աչքի ընկավ, գոլերի հեղինակներ դարձան Պաբլո Սանթոսը և Ջաստին Մաթյոն: Այսպիսով, «Նոան» հռչակվեց IDBank Պրեմիեր Լիգայի փոխչեմպիոն:
«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումից հետո տեղի ունեցավ «Փյունիկի» պարգևատրման արարողությունը: Չեմպիոնական գավաթը և ոսկե մեդալները թիմին հանձնեց ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը: